Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տեսակոնֆերանս «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով

Տեսակոնֆերանս «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով

Հունվարի 25-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով տեղի ունեցավ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի այս տարվա առաջին տեսակոնֆերանսը:  Տեսակոնֆերանսին հնարավորություն ունեցան մասնակցելու ո՛չ միայն երեւանաբնակ բժիշկները,  այլ նաեւ հայաստանյան մարզերի տարբեր  բժշկական կենտրոնների  բժիշկներ: Հանդիպմանը  մասնագետները քննարկեցին այրվածքների եւ ցրտահարությունների բուժմանը վերաբերող հրատապ խնդիրներ: Տեսակոնֆերանսը վարում էր  ՀՀ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Կարինե Բաբայանը:


Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյան


–   Տիկին Շիրինյան, վերջին տարիներին գրադարանում իրականացվում է մասնագիտական  տարբեր թեմաներով առցանց սեմինարներ:  Նման ձեւաչափով դասախոսությունները որքանո՞վ են կարեւոր եւ այս ընթացքում ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել: 


–   Տեսահաղորդակցությունը հնարավորություն է տալիս մասնագետների համար ստեղծել վիրտուալ լսարան: Նման ձեւաչափով կապը հնարավորություն է ընձեռում կազմակերպել մասնագիտական դասախոսոություններ, սեմինարներ, գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ նրանց համար, ովքեր տվյալ պահին ֆիզիկապես գտնվում են տարբեր վայրերում: Մեր գրադարանում առցանց դասախոսությունները գործում են 2014 թվականից, երբ կապ ստեղծվեց երկու մարզային կլինիկաների հետ: Ներկայում համագործակցում ենք տասից ավելի մարզային հիվանդանոցների եւ  բուժհաստատությունների հետ: Այսօր հնարավորություն ունենք կազմակերպել սեմինարներ արտերկրի դասախոսների ներգրավվմամբ, իսկ վիրտուալ կապով մասնագիտական  դասընթացներին մասնակցում են և՛ Երեւանի, և՛ մարզային բժիշկները: 2017 թ. կազմակերպել ենք թվով տասը սեմինար, որին մասնակցել են շուրջ  500 բժիշկ: Իրականացված աշխատանքները փաստում են, որ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարները  մեր ոլորտում շատ արդյունավետ են եւ հեռանկարային:

 

Տեսակոնֆերանս «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով


Հայաստանում «Հեռաուսուցում եւ խորհրդատվություն» ծրագրի համակարգող Սուսաննա Աղայան


–   Եռամյա գործունեության ընթացքում ունեցել ենք 70-ից ավելի առցանց տեսակոնֆերանս: Ծրագրի անհրաժեշտությունը Հայաստանի մարզային բժիշկներին առցանց մասնագիտական կրթության կատարելագործման և արդի նորություններին ծանոթանալու հնարավորությունն է: Օրինակ, այսօր դասախոսությանը հնարավորություն ունեն մասնակցելու ութ մարզային հիվանդանոց: Մեր սեմինարներին ո՛չ միայն Հայաստանի առաջատար մասնագետներն են ներկայացել դասախոսություններով, այլեւ արտերկրի բժիշկները ԱՄՆ-ից և Եվրոպայից:


Առիթը բաց չթողեցինք` մեր ընթերցողների համար ստանալու մի քանի հաճախ տրվող հարցերի պատասխաններ, և դիմեցինք օրվա բանախոս ՀՀ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ  Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Կարինե Բաբայանին:


–   Որո՞նք են ցրտահարությունների եւ այրվածքների արտաքին ազդակները եւ օրգանիզմում հյուսվածքների վնասվածքներն ինչպե՞ս են դրսեւորվում:


–   Երկու դեպքում վնասվում են մաշկի հյուսվածքները, թեպետ ցրտահարությունների դեպքում հյուսվածքներն առավել խորն են վնասվում:

 

Այրվածքների դեպքում արտաքին ազդակներից են ջերմությունը, տաքությունը, իսկ ցրտահարությունների պարագայում՝ սառնությունը, ցածր ջերմաստիճանը: Վնասման նման արտաքին ազդակները երկու դեպքում էլ ջերմությունն է: Թեև տարբեր երկրներում այրվածքների  եւ ցրտահարությունների դասակարգումը  տարբեր է, հիմնականում տարաբաժանվում է հինգ աստիճանի. առաջին, երկրորդ, երրորդ (որոշ երկրներում այվածքների ժամանակ նաև` երրորդ A և B), եւ չորրորդ աստիճանի: Քիմիական եւ   էլեկտրաայրվածքների դեպքում A, B դասակարգումը բացակայում է: Առաջին աստիճանի՝ մակերեսային, այրվածքներն արտահայտվում են մաշկի կարմրությամբ, երկրորդ աստիճանի այրվածքները դրսեւորվում են վերնամաշկի կարմությամբ, կնճռոտությամբ, երբեմն այրված հատվածում հեղուկով լցված պարկեր են առաջանում:

 

Տեսակոնֆերանս «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով

 

Երրորդ աստիճանի դեպքում մաշկի տակ նույնպես առաջանում են պարկեր` թափանցիկ հեղուկով լցված: Երրորդ A աստիճանը բնութագրվում է պարկերի խիտ հեղուկի առկայությամբ, իսկ՝  B աստիճանը դրսեւորվում է առավել խորը վնասված շերտերով, երբեմն վնասելով ընդհուպ` մկանները: Չորրորդ կարգի վնասվածքի խորությունը հասնում է մինչև ճարպային հյուսվածք, մկաններ եւ ոսկրեր: Նույն համեմատական բնութագիրը ցրտահարությունների դեպքում է: Առաջին աստիճանի ցրտահարությունների ժամանակ առաջանում է մաշկի գունատություն կամ կարմություն, որոնք անցնում են, երբ պատճառը վերանում է (ցրտից անցում դեպի տաք): Երկրորդ աստիճանի դեպքում մաշկի վրա առաջանում են հեղուկով լցված պարկեր և ավելի խորը շերտեր են վնասվում` նաև ճարպային հյուսվածքը: Չորրորդ աստիճանի  ցրտահարության դեպքում մահանում են վնասված ճարպային հյուսվածքները, մկաները եւ ոսկրերը:


Սովորաբար, ցրտահարության ժամանակ վնասվում են վերին եւ ստորին վերջույթները, քիթը, ականջը, իսկ այրվածքների դեպքում` այն հատվածը, որին անմիջապես ազդում է ագենտը: Ցրտահարությունների միակ պատճառը ցուրտ ագենտն է, իսկ այրվածքները բազմապատճառային են՝ ջերմային, էլեկտրական, ճառագայթային (արեւ, ռենտգեն, սարքեր եւ այլն), քիմիական և տաք հեղուկներ:


–   Որո՞նք են կենցաղում այրվածքների առաջացման  հիմնական  պատճառները:   

 
–   Կենցաղում այրվածքները, սովորաբար, խոհանոցային են (տաք թեյ, սուրճ, ճաշ, կաթսա, ջեռոց եւ այլն), որոնց դեպքում առավել խոցելի են երեխաները, տուժում են նաեւ տնային տնտեսուհիները: Հանդիպում են նաեւ անզգուշությունից առաջացած էլեկտրաայրվածքներ: Մեծահասակները հիմնականում հրդեհներից առաջացած այրվածքներից են վնասվում (գազի արտահոսք, հոսանքի հարված եւ այլն):


Տեսակոնֆերանս «Այրվածքներ և ցրտահարություն» թեմայով

 

–   Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն:


–   Այրվածքների դեպքում անհրաժեշտ է սառը ջուր` ըստ ֆիզիկայի օրենքի (ջերմությունը պետք է մարմնից դուրս գա): Չի կարելի այրված հատվածում քսել ձեթ, տոմատի եւ ատամի մածուկներ, աղ, կարտոֆիլ, չիչխանի յուղ: Այրվածքի ժամանակ գանգատներն ակնհայտ են և տուժողն անմիջապես դիմում է բժշկի, ինչն այդպես չէ ցրտահարության դեպքում, որն աստիճանաբար է զգացնել տալիս եւ մարդը բժշկի է դիմում ավելի խորը ցրտահարության ժամանակ, երբ վնասված են հյուսվածքային խորը շերտերը եւ գործը կարող է հասնել անդամահատության (ամպուտացիա):

 

Ցրտահարության վնասի նախանշաններն են. ծակծկոցի զգացում, մաշկի գունատություն, կապույտ երանգ` ցիանոզ: Ցրտահարված մարդկանց պետք է անմիջապես տեղափոխել տաք սենյակ, աստիճանաբար ջերմաստիճանը բարձրացնող ջրի մեջ պահել վնասված մաշկը եւ կատարել հյուսվածքի մերսում ներքեւից վերեւ ուղղությամբ: Չի կարելի ցրտահարված մաշկին սառը շփում կատարել: Անհրաժեշտ է տաք թեյ խմել: Չի կարելի սպիրտ պարունակող հեղուկ օգտագործել, քանի որ` լինելով անոթալայնիչ, սկզբում այն ապահովում է արյունատար անոթների արագ սնուցումը, իսկ դրան հաջորդող անոթների նեղացման, սեղմման արդյունքում կարող են բարդություններ զարգանալ:


–   Ցրտահարությունների եւ այրվածքների պարագայում մարմնի ո՞ր հատվածներն են առավել խոցելի:


–   Այրվածքների դեպքում վերջույթներից` դեմքը, իսկ ցրտահարությունների ժամանակ վերջույթներից՝ ձեռքերը, ոտքերը, քիթը, ականջը: Շատ կարեւոր է ձմռանը խուսափել նեղ եւ սեղմող կոշիկներից, որպեսզի անոթների արյան սնուցումը չխանգարվի: Հարկավոր է ընտրել հաստ ներբանով կոշիկ, որպեսզի ձյան սառը շերտի հետ շփումից ոտնաթաթը հնարավորին բարձր լինի:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ